Posted in հայոց լեզու

Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ

Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից


Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s