Posted in Uncategorized

ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Վիեննայի 7-րդ թաղամասի Մխիթարեան փողոցի համար 4 շէնքի դարպասի վրայ մի անսովոր, եպիսկոպոսական խոյրով զարդարուած, քարէ զինանշան է երեւում: Այն զարդարում է Մխիթարեան վանքի գլխաւոր մուտքը: Այստեղ, 200 տարի է, վանականները ծառայում են հայ եկեղեցուն եւ մշակոյթին: Հայոց հաւատքի եւ մշակոյթի պահպանմանը նուիրուած լուռ ստեղծագործական աշխատանքըդարձրել է վանքը հայ ոգու կենտրոն, առանց որի հայոց մշակոյթը անհնար է պատկերացնել: Սակայն ինչպէ՛ս եղաւ, որ հենց այստեղ Վիեննայում հայ կաթողիկէ վանականներ սկսեցին ապրել ու գործել ըստ Սուրբ Բենեդիկտոսի կանոններին: 

1676թ. ծնուած Մխիթար Սեբաստացին հիմնելով իր Միաբանութիւնը 1701թ. Սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում, չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակոյթի պատմութեան կարեւորագոյն անձանց թուին է պատկանելու: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանեան Կայսրութիւնը եւ Պելոպոնեսում, այն ժամանակ Վենետիկի իշխանութեան ենթակայ Մեթոն քաղաքում, հայկական վանք հիմնեցին: Դեռ այնտեղ գտնուած ժամանակ նրանք ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Կղեմէս ԺԱ. Պապը պաշտօնապես հաստատեց նրանց որպէս Բենեդիկտեաններ: Այդ պատճառով օտարները Մխիթարեաններին կոչում են նաեւ հայ Բենեդիկտեաններ: Երբ թուրքերը գրաւեցին Մեթոնը, հայ կրօնաւորները նահանջող վենետիկցիների հետ փախան եւ Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչուած կղզու վրայ հիմնուած վանքը մինչ օրս Միաբանութեան սեփականութիւնն է:

1773թ.-ին վանականների մի մասն անջատուեց Մայր վանքից եւ հաստատուեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Աւստրիական կայսրութեան: 1775թ.-ին Մարիա Թերեզիա կայսրուհու յատուկ արտօնագրով Մխիթարեանները իրաւունք ստացան Թրիեստում վանք ու եկեղեցի կառուցելու, ինչպէս նաեւ տպարան հաստատելու: Երբ 1805թ. ֆրանսիական զօրքը գրաւեց Թրիեստը, Մխիթարեանները որպէս Հաբսբուրգեան կայսրութեան հպատակներ մատնուեցին նիւթական տագնապի եւ 1810թ. Դեկտեմբերին ստիպուած եղան լքել Թրիեստը եւ ապաստան փնտրել կայսերական Վիեննայում:

Ֆրանց Ա. կայսրը 1810թ. Դեկտեմբերի 5-ի պաշտօնական գրութեամբ ընդունում է վանականներին եւ տալիս նրանց իրաւունք ապրել ու գործել իր Կայսրութեան մայրաքաղաք՝ Վիեննայում:
Նրանք 1811թ.-ից ապաստանեցին Սուրբ Ուլրիխ արուարձանի “Am Platzl” հրապարակում գտնուող Կապուչինների լքուած վանքում:
1837թ.-ին սկսուեց նոր վանքի կառուցումը, որի գլխաւոր հատուածը գտնւում է ներկայիս «Մխիթարեան» կոչուած փողոցում: 1874թ.-ին երկու նոր կառուցուած մասերի եւ նորակառոյց եկեղեցու հետ միասին վանքը ստացաւ իր այսօրուայ տեսքը: 2000թ.-ին, հիմնադրման 300- ամեայ յոբելեանի առիթով եւ անջատումից 227 տարի անց, Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարեանները նորից միացան, դառնալով մէկ Միաբանութիւն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s